Հուլիսի 15-ին և 16-ին Տաթևում անցկացվեց TATEV MIDSUMMER MUSIC FEST առաջին բացօթյա երաժշտական փառատոնը։ որին մասնակցել է շուրջ 4000 այցելու։ Միջոցառումը տեղի ունեցավ «ՏաԹևեր» ճոպանուղու դիմաց, որտեղ երկու օրվա ընթացքում ելույթ ունեցան 11 արտիստներ։
Փառատոնի ծրագրում ընդգրկված էին Nemra, Lav Eli, Katil ռոք խմբերը, ինչպես նաև էլեկտրոնային երաժշտության արտիստներ, ինչպիսիք են Հայկ Կարոյին, daao-ն, g.zelle-ն և այլք: Բամբիռ երաժշտական խումբը ներկայացրել է բացառիկ կատարում, որի սյուժեն փոխանցում է հայ ժողովրդի պատմությունը հելլենիստական ժամանակներից մինչև մեր օրերը։
«ՏաԹևեր» ճոպանուղին փառատոնի բոլոր մասնակիցների համար տրամադրեց 20% զեղչ և առաջին անգամ գործարկեց լրացուցիչ երթուղիներ ժամը 20.00-ից մինչև 22.00-ն։
Այդ ընթացքում ճոպանուղու երթի բարձր տրամադրությունն ապահովել են տնակներում հանդես եկող «դիջեյները»։ Փառատոնի երկրորդ օրը՝ երաժշտական հիմնական ծրագրից առաջ, անցկացվեցին խեցեգործության, շապիկների նկարչության վարպետության դասեր, ինչպես նաև խոհարարության և կոկտեյլների պատրաստման դասընթացներ։
Միջոցառման ընթացքում նկարիչ Արեգ Բալայան Բլոժիկը փառատոնին նվիրված նկար է ստեղծել։ Երաժշտաթերապիայի սեանսներ կատարեցին «Նվագարանը», որի ընթացքում հյուրերը կարողացան զգալ Հայաստանի բնությունն ու երաժշտությունը Տաթևի գեղատեսիլ վայրում։
Փառատոնի մասնակիցներն այցելեցին Tabby, GGH by Chechil սրճարաններ և Jagermeister, Armenia Wine և այլ բարեր: Հյուրերի համար հավելավճարով տրամադրվել է առանձին ճամբարային տարածք, կազմակերպվել են էքսկուրսիաներ դեպի Խնձորեսկ և Հին Գորիս։
TATEV MIDSUMMER MUSIC FEST-ի կազմակերպիչը TIME TO-ն է` ստեղծագործական գործակալությունը, որը մասնագիտացած է Հայաստանում խոշոր փառատոների և այլ միջոցառումների անցկացման գործում: Միջոցառումների անցկացման վայրեր ընտրելիս գործակալությունը նախապատվությունը տալիս է Հայաստանի մարզային քաղաքներին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և տեղական բիզնեսին աջակցելու նպատակով։
Comments